Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԵ) հովանու ներքո գործող OSART հանձնաժողովը մայիսի 16-ին ժամանել է Հայաստան` հայկական ատոմակայանի շահագործման անվտանգության ուսումնասիրման համար: Այդ մասին NEWS.am-ին հայտնեցին Հայաստանի էներգետիկայի նախարարությունից:

Նշենք, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը մայիսի 11-ին հայտնել էր, թե Ճապոնիայում «Ֆուկուսիմա» ատոմակայանի վթարից հետո Հայաստանը սեփական նախաձեռնությամբ վերագնահատել է Մեծամորի ատոմայականի անվտանգության մակարդակը եւ պատրաստ է ընդունել հատուկ այդ նպատակով ժամանող ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) հանձնաժողովին:

«Կառավարության նիստերից մեկում ես անդրադարձել եմ այս հարցին, հանձնարարական է տրված էներգետիկայի նախարարին` բոլոր շահագրգիռ գերատեսչությունների հետ միասին, հաշվի առնելով Ճապոնիայի իրադարձությունները` եւս մեկ անգամ ռեւիզիայի ենթարկեն մեր անվտանգության բոլոր կանոնները եւ իրավիճակը»,- նշել է վարչապետը` հավելելով. «Այդ վարժությունը կատարված է, մենք սպասում ենք այս ամիս ՄԱԳԱՏԷ-ի մասնագիտացված միսիայի այցելությունը Հայաստան, որը երկու շաբաթ սթրես-թեսթային հարցերով անցնելու է, որպեսզի բացահայտի մեր ատոմակայանի ուժեղ եւ թույլ կողմերը»:

«Մենք պատրաստ ենք այդ հանդիպմանը, եւ ինքներս, իհարկե, նախապատրաստական աշխատանքներն ենք կատարել համապատասխան` բարձրացնելու մեր ատոմակայանի անվտանգությունը», - ընդգծել է Տիգրան Սարգսյանը: