Այսուհետ Հայաստանի փրկարարները կարող են օգնության հասնել նաեւ օդից (Ֆոտոռեպորտաժ):

Այսօր` մայիսի 20-ին Կոտայքի մարզում Հայաստանի ՊՆ առանձին ավիացիոն ուսումնական էսկադրիլիայում կայացել է ԱԻՆ Փրկարար ծառայության հատուկ փրկարարական ջոկատի աէրոմոբիլային խմբի ցուցադրական թռիչքը:

Միջոցառմանը ներկա էր արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավար կազմը:

Հրշեջ-փրկարարական դեսանտային խմբում ընդգրկված է 23 փրկարար, որից երկուսը` աղջիկ: ՊՆ-ի եւ ՀՀ ԶՈՒ ավիացիայի վարչության աջակցությամբ անցկացված 20-օրյա դասընթացներից հետո հրշեջ-փրկարարները պարաշյուտով մոտ 1000 մ բարձրությունից իրականացրել են մի քանի գործնական թռիչք:

Ցուցադրական ելույթից հետո ԱԻ նախարար Արմեն Երիցյանը շնորհավորել է աերոմոբիլային խմբի անդամներին եւ պարգեւատրել «Առաջնեկ» շքանշանով:

Նախապատրաստական դասընթացներն անցկացնելու համար պատվոգրեր են հանձնվել նաեւ ՀՀ ԶՈՒ ավիացիայի վարչության աշխատակիցներին:

Փրկարարների խոսքով, այսպիսի հմտություններին տիրապետելը զգալիորեն կարագացնի արձագանքման գործընթացը:

Գործընթացը շարունակական է լինելու: Առաջիկայում ԱԻՆ-ը կպատրաստի 25 հրշեջ-փրկարարից կազմված երկրորդ աերոմոբիլային խումբը:

Լուսանկարը եւ տեսանյութը` Գագիկ Շամշյանի