Հայաստանում պարտադիր պայման կլինի տախոգրաֆի օգտագործումը տրանսպորտային միջոցներով 8 կամ ավելի ուղեւոր տեղափոխելիս: Այս մասին ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստում «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ ասաց օրենսդրական նախաձեռնության հեղինակ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Արթուր Դալլաքյանը:
Այսպես,նրա խոսքերով, թվային տախոգրաֆները պետք է տեղադրվեն 8 կամ ավելի մարդ տարողությամբ բոլոր մեքենաների վրա:
«Ժամանակակից ավտոբուսների մեծ մասն արդեն ունի ներկառուցված տախոգրաֆներ, իսկ այն ընկերությունները, որոնց մեքենաները հագեցած չեն դրանով, պարտավորվում են իրենց հաշվին գնել եւ տեղադրել դրանք»,- նշեց պատգամավորը:
Բացի այդ, միջազգային ուղեւորափոխադրումների իրականացման ժամանակ առաջարկվում է ներդնել դժբախտ պատահարներից բոլոր ուղեւորների պարտադիր ապահովագրություն:
Դալլաքյանը նաեւ հիշեցրեց, որ նստած 6+1 սխեմայով տրանսպորտային միջոցներով միջազգային ուղեւորափոխադրումների ընթացքում անցյալ տարի մահվան ելքով 29 վթար է տեղի ունեցել:
«Սրա պատճառն այն էր, որ վարորդներն աշխատում էին առանց հանգստի եւ քնում էին ճանապարհներին»,- բացատրեց պատգամավորը:
Իր հերթին, Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը նշեց, որ երկրի կառավարությունը առարկություններ ունի ուղեւորների պարտադիր ապահովագրության հետ կապված: Նա նշեց, որ այս հարցը կարգավորվում է «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» օրենքի հիման վրա` համաձայն ապահովագրության մասին կնքված պայմանագրերի:
Փոխնախարարը հատկապես նշեց, որ Հայաստանը մտադիր է մտնել քաղաքացիական պատասխանատվության միջազգային ապահովագրության «Կանաչ քարտեզ» համակարգ:
«Ներկայում կան անդամակցության հետ կապված ընթացակարգային գործողություններ: Այս հարցը լուծելով` միջազգային փոխադրումների դեպքում ուղեւորների ապահովագրության հետ կապված բոլոր խնդիրները կլուծվեն»,- ընդգծեց Սիմոնյանը:
Նշենք, որ տախոգրաֆը տրանսպորտային միջոցների վրա տեղադրված ստուգող սարք է, որը նախատեսված է մեքենայի արագությունը, աշխատանքային ժամերը, վարորդների եւ անձնակազմի անդամների հանգիստը գրանցելու համար:
Որոշ քննարկումներից հետո խորհրդարանական հանձնաժողովը կրկին դրական եզրակացություն տվեց օրենսդրական այս նախաձեռնությանը:




























