Գերմանիայի հարավ-արեւմուտքում մայիսի 20-ին խոշոր երկաթուղային  վթար է տեղի ունեցել, որի արդյունքում անորոշ ժամանակով դադարեցվել է հարավգերմանական Ֆրեյբուրգի եւ շվեյցարական Բազելի միջեւ հաղորդակցությունը։

Ռելսերից դուրս են եկել 20 վագոններից բաղկացած ապրանքատար գնացքի 8 վագոնները։ Գնացքը Քյոլնից ուղեւորվում էր Իտալիա։ Ռելսերից դուրս եկած վագոնների կեսը շրջվել է։ Վագոններից երեքում պայթյունավտանգ քիմիկատներ կան, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։

Միջադեպի պատճառները դեռեւս հայտնի չեն, դեպքի վայրում աշխատում են 120 հրշեջներ, ոստիկաններ եւ փրկարարներ։ Ոստիկանության տվյալներով, մարդկային զոհեր չկան։ Հնարավոր պայթյունի հետեւանքներից խուսափելու համար վթարի վայրից 500 մետր շառավղով տարածքից բնակիչներին տարհանել են։