Եվրախորհրդարանի ղեկավար Եժի Բուզեկի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպմանը քննարկվել են ընդդիմադիր ակտիվիստների ձերբակալությանը վերաբերող հարցեր:

«Ադրբեջանի համար անկախությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը զգայուն հարցեր են: Եվրամիության համար եւս կարեւոր են  Ադրբեջանի անկախությունն ու տարածքային ամբողջականությունը: Սակայն մեզ համար զգայուն հարցեր են նաեւ մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը», -ըստ «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության` ասել է Բուզեկը` Բաքվում  բանակցությունների արդյունքներով հրավիրված ասուլիսում:

Նա հաղորդել է, որ Ալիեւի հետ քննարկել է այնպիսի «սուր հարցեր, ինչպիսիք են ձերբակալված Բախտիյար Հաջիեւի, Ջաբար Սավալանի, Էյնուլա Ֆաթուլաեւի գործերը»:

Բուզեկի խոսքով` նա Ադրբեջանի ղեկավարությանը քաղաքացիական հասարակության եւ ընդդիմության հետ երկխոսության կոչ է արել: Այդ նույն հանդիպմանը Եվրախորհրդարանի  նախագահը  «խոսել է նաեւ Ադրբեջանի վերաբերյալ Եվրախորհրդարանի վերջին բանաձեւի մասին»: Նա ընդգծել է, որ գործընկերությունը  ենթադրում է  ոչ միայն այնպիսի հարցերի քննարկում, որոնց շուրջ տեսակետները համընկնում են, այլ  նաեւ անհանգստություն հարուցող խնդիրներ: 

Ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ Բուզեկը հիշեցրել է, որ Եվրամիությունը չի մասնակցում տվյալ գործընթացին  եւ ավելացրել է, որ աջակցում է խնդրի լուծմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին: