Երեւանի Նալբանդյան 106 հասցեում ապօրինի շինարարությունը կանխելու նպատակով «Մեր քաղաքը» քաղաքացիական նախաձեռնության անդամներ եւ մի շարք քաղաքացիներ նշված վայրում այս պահին ծառատունկ եւ շաբաթօրյակ են իրականացնում։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը։
«Մարդիկ վտանգված ծառերի բաց արմատներին բահերով հող են լցնում, ջրում դրանք՝ փորձելով հնարավորինս կարգի բերել տարածքի կանաչապատ հատվածը»,- նշեց Սաֆարյանը՝ ավելացնելով, որ «Ժառանգությունից» ծառատունկին մասնակցում են ինքը եւ վարչության անդամ Կարինե Հակոբյանը։
Պատգամավորը նաեւ տեղեկացրեց, որ ծառատունկ-շաբաթօրյակին մասնակցելու մտադրություն նախապես հայտնած բնապահպանության եւ բաղաքաշինության նախարարներն այդպես էլ չեն ներկայացել ակցիային։ ««Մեր քաղաքը» քաղաքացիական նախաձեռնությունը վերջիններիս բաց հրավեր էր ուղարկել, ես անձամբ հրավիրել էի բնապահպանական վարչության պետին, ինքն ասաց, որ կախված գրաֆիկից՝ կփորձի ներկա գտնվել շաբաօրյակին, սակայն այս պահին այտեղ են միայն քաղաքացիները, վերոնշյալ քաղաքացիական նախաձեռնությունը եւ մենք՝ «Ժառանգությունից»,- ասաց Սաֆարյանը։
Ծառատունկի մասնակիցներից մեկն էլ NEWS.am-ի թղթակցին ասաց, որ բնապահպանության նախարարը, հակառակ խոստացածի, որ գալու է եւ ինքն էլ է բահերով մասնակցելու ծառատունկին, այդպես էլ չի ներկայացել։
Նշենք, որ Նալբանդյան 106 հասցեում գտնվող, նախկինում ՆԳՆ-ին պատկանող մանկապարտեզի շուրջ 9.000 ք/մ տարածքը ցանկապատվել է, և սկսվել են ապօրինի շինարարական աշխատանքներ՝ վտանգելով բազմամյա հաստաբուն ծառերն ու կանաչապատ տարածքը:




























