Ադրբեջանական կողմը պարբերաբար խախտում է հրադադարի ռեժիմը, եւ եթե հայկական կողմի պատասխան գործողությունների արդյունքում ադրբեջանցի զինվոր է զոհվում, ապա ողջ պատասխանատվությունն ընկնում է ադբեջանական կողմի վրա։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնեց Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը՝ մեկնաբանելով ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկությունն այն մասին, որ Աղդամի շրջանում հայկական կողմից արձակված գնդակից ադրբեջանցի զինծառայող է սպանվել։

«Եթե ադրբեջանցիները խախտում են հրադադարի ռեժիմը, մենք պատասխան գործողություններ ենք ձեռնարկում»,- նշել է Կարապետյանը:

Նշենք, որ ըստ APA լրատվական գործակալության՝ ղարաբաղա-ադրբեջանական զորքերի արևելյան ուղղությամբ արձանագրված հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում Աղդամի շրջանում սպանվել է ժամկետային զինծառայող Էլդար Մամեդովը։