Ոստիկանության Էրեբունու բաժնի աշխատակիցները բացահայտել են ավտոկռունկի գողությունը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մայիսի 4-ին, ժամը 11.00-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում ահազանգ էր ստացվել, որ գիշերը փախցրել են Նուբարաշեն-Ջրաշեն ճանապարհին կայանված «ՄԱԶ» մակնիշի ավտոկռունկը:
Ոստիկանության ծառայողները նշված գողությունը կատարելու կասկածանքով Արմավիրի մարզի Գայ գյուղից բերման են ենթարկել նախկինում 9 անգամ դատապարտված, 48-ամյա Սասուն Վ.-ին: Նա խոստովանել է, որ ավտոկռունկը փախցրել է ինքը եւ Արմավիրի մարզի Գայ գյուղին հարակից դաշտում ապամոնտաժելով 6 անիվներն ու ջրահովացուցիչը՝ 100 հազար դրամով վաճառել անհայտ անձի:
Ավտոկռունկը հայտնաբերվել է Գայ գյուղին հարակից դաշտում: Սասուն Վ.-ն ձերբակալված է:
Գողոնը մասամբ առգրավված է, կատարվում է նախաքննություն:




























