Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` մայիսի 21-ին Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի եւ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ուղեկցությամբ այցելել է Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն, ծանոթացել իրականացվող եւ նախատեսված բարեկարգման աշխատանքներին, քաղաքապետի հետ ծառ տնկել զբոսայգու տարածքում:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հանրապետության ղեկավարն այնուհետեւ այցելել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող համատիրություններից մեկի բակային տարածք: Սերժ Սարգսյանն այստեղ եւս ծանոթացել է բարեկարգման աշխատանքներին, մասնակցել ծառատունկին: Մայրաքաղաքի բակային տարածքների բարեկարգման ծրագրերում իր զգալի ներդրումն է ունեցել նաեւ «Փյունիկ» բարեգործական հիմնադրամը:
Հանրապետության ղեկավարն այսօր այցելել է իտալական «Ռենկո» ընկերության կողմից մայրաքաղաքում կառուցվող հեծանվահրապարակ եւս:
Սերժ Սարգսյանին ներկայացվել են ժամանակակից չափանիշներին համապատասխան կառուցվող հեծանվահրապարակի նախագիծն ու իրականացվող աշխատանքները: Նշվել է, որ Հայաստանում հեծանվասպորտի զարգացման նպատակով կառուցվող հրապարակն առանձնահատուկ է իր ճարտարապետական լուծումներով։ Այն նախատեսված է 3200 հանդիսատեսի համար: Աշխատանքների մոտ 70 տոկոսն արդեն ավարտված է: Հեծանվահրապարակը, պայմանագրի համաձայն, շահագործման կհանձնվի օգոստոսին:




























