Երբ երկու հայեր կամ հայկական խմբեր միմյանց հետ խորհրդակցում են, կարելի է միայն ուրախանալ եւ ողջունել: Այս մասին «Ժառանգություն» կուսակցության կողմից մայիսի 21-ին հրավիրված քաղաքացիական համաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը` անդրադառնալով ՀԱԿ-իշխանություն երկխոսությանը: Նրա խոսքով` այդ երկխոսությամբ կողմերը որեւէ նպատակային, ազգօգուտ խնդիր չեն լուծում, ընդամենը մարտավարական խնդիրներ են լուծում: Մինչդեռ, ըստ Հայրիկյանի, այսօր թիվ մեկ ռազմավարական խնդիրը Հայաստանը ժողովրդավար դարձնելն է:
ԱԻՄ նախագահը նշեց, որ ժողովրդավարության մասին խոսում են շատըերը, սակայն քչերը պատկերացում ունեն դրա մասին: Նա հիշեցրեց, որ ինքն արդեն իսկ առաջարկել է Հայաստանը ժողովրդավար դարձնելու իր մոդելը, սակայն ոչ ՀԱԿ-ը, ոչ էլ իշխանությունը դրան չեն արձագանքել, ինչը հուշում է, որ այդ երկուսը զբաղված են ոչ թե ժողովրդի, այլ սոսկ իրենց խնդիրները լուծելով: «Լեւոնը (ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը-խմբ.) յոթ տարի նախագահ էր, ի՞նչ օգուտ նրանից:
Խայտառակ, խուժան սահմանադրություն, որը ես հետո ստիպված եղա փոխել` գլխավորելով սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը: Նա նաեւ հայտնի է Արցախը դատարկելու իր գործողություններով. Քոչարյանին ինքը չէ՞, բերեց Հայաստան: Ինչի՞ էիր Արցախի ընտրված նախագահին բերում Հայաստան, էդ ի՞նչ ճանապարհ էիր ցույց տալիս»,- նկատեց Հայրիկյանը` հավելելով, որ իշխանության եւ ՀԱԿ-ի հետ որեւէ հույս չի կապում:
ԱԻՄ նախագահը նաեւ ողջունեց համաներում հայտարարելու Սերժ Սարգսյանի նախաձեռնությունը: «Անկախության 20-ամյակի հետ կապված համաներում հայտարարելը ընդունված կարգ է: Իսկ դրան զուգահեռ նաեւ մի քանի քաղկալանավորներին ազատ արձակելը տրամաբանական է: Դա աշխարհի պահանջն է, այնպես որ, չես կարող լինել ԵԽ անդամ, ու ունենալ քաղկալանավորներ»,- նշեց Հայրիկյանը:
NEWS.am-ի հարցին` Սերժ Սարգսյանն այսպիսով աշխարհի՞ պահանջն է կատարում, թե՞ ՀԱԿ-ի, ԱԻՄ նախագահն արձագանքեց. «Սահմանադրության, ըստ որի` Հայաստանը չպետք է ունենա քաղկալանավորներ»:




























