Վանաձորի «Պոպուլեքս» փաստաբանական գրասենյակը որոշել է դատի տալ Ադրբեջանի Հանրապետությանը Հայաստանի քաղաքացուն շուրջ երկու տարի անօրինական գերության մեջ պահելու ու խոշտանգումների ենթարկելու համար: Մեկ ամիս հետո բողոքը կուղարկվի Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Այս տարվա մարտին Ադրբեջանը Հայաստանին էր հանձնել Տավուշի մարզի Հաղարծին գյուղի բնակիչ, 32-ամյա Արթուր Բադալյանին: Երկու տարի առաջ մոլորվելով անտառում՝ Բադալյանը հատել էր Ադրբեջանի սահմանն ու գերի ընկել:
Փաստաբանները պնդում են, որ Ադրբեջանի Հանրապետությունը խախտել է Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիայի երրորդ հոդվածը, որում ասվում է, որ ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային ու նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի։
Մինչ բողոքը կուղարկվի Մարդու իրավունքների եվրոպական դատարան, փաստաբանական գրասենյակը երրորդ երկրի տարածքից նամակներ է ուղարկելու Ադրբեջանի իշխանություններին՝ խնդրելով տեղեկություններ տրամադրել գերության պայմանների վերաբերյալ: Սա Եվրոպական դատարան դիմելու կարգն է, թեեւ փաստաբան Էդմոն Մարուքյանը չի հավատում, որ Ադրբեջանը կպատասխանի իրենց նամակներին։
Ադրբեջանական գերության մեջ երկու տարի անցկացրած Արթուր Բադալյանն ու իր փաստաբանները հավատում են, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հ օգուտ իրենց որոշում կկայացնի՝ Ադրբեջանից պահանջելով փոխհատուցել կրած հոգեբանական ու նյութական վնասները: Փաստաբանների կարծիքով, դատարանի որոշման կայացման համար մի քանի տարի կպահանջվի: Նրանք նշում են, որ այն կդառնա նախադեպ այլ դեպքերի համար եւս, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:




























