Թուրքիայում 9 տարբեր դատական գործերով մեղադրվող նախկին դատավոր Չաղաթայ Չեթինը Հոլանդիայի իշխանությունների կողմից ապաստան է ստացել։
Թուրքական Internethaber-ի փոխանցմամբ՝ հոլանդական իշխանությունները չեն հայտնել, թե ինչ նկատառումներով են նրան ապաստան տրամադրել՝ շեշտելով, որ անհատական դիմումների դեպքում մեկնաբանություններ չեն արվում։
Չաղաթայ Չեթինը Վանի Օզալփի շրջանում դատավոր էր աշխատում եւ 2010-ի հունվարին հրաժարական էր տվել՝ հեռանալով Թուրքիայից։ Նա պնդել էր, թե Թուրքիայի դատական համակարգում հանդիպել էր կաշառակերության դեպքերի եւ դիմել Թուրքիայի դատավորների եւ դատախազների բարձրագույն խորհուրդ։ Սակայն այդ դեպքերը ուսումնասիրելու փոխարեն Չեթինի դեմ են սկսվել գործեր հարուցվել՝ պատճառ դառնալով այն տեղեկությունները, թե նա հայտարարել է իր հայկական եւ քրդական արմատների մասին եւ պնդել է, որ հայերի եւ քրդերի դեմ ցեղասպանություն է տեղի ունեցել։
Չեթինը ապաստան տրամադրելու որոշմանը սպասելու ընթացքում հայտարարել էր, թե Թուրքիայում ազգությամբ քուրդ դատավորների եւ դատախազների վիճակը ծանր է։ «Եթե ես դրական պատասխան ստանամ, մյուսներն էլ կգան»,- ասել էր Չեթինը։




























