Մասնակի փլուզում է գրացվել Գյումրու Ղորղանյան 30 սեփական տան բակում: Փլվել է պատը, ուր խաղալիս են եղել բակի երեխաները: Բարեբախտաբար ոչ ոք չի տուժել:Այնուհետեւ տանտերերը սեփական միջոցներով ապամոնտաժել են քանդվող պատը:
«Տունը շատ հին է, 150 տարվա պատմություն ունի: Վերանորոգել ոչ մի անգամ չենք կարողացել»,- NEWS am-ի թղթակցի հետ զրույցում պատմել է տանտիրուհին` Լուսիկ Գեւորգյանը:
Մոտ 10 օր առաջ փլուզում գրանցվել էր Ղորղանյան 122 հասցեում: Վաղ առավոտյան, երբ դեռ տանտերերը քնած էին, առաստաղը փլվել էր, ու 4 հոգի մնացել էին գերանների տակ: Բարեբախտաբար նրանք լուրջ վնասվածքներ չէին ստացել: 10 օր անց տանտերերին տնակ էլ չեն տրամադրել, միայն հարեւաններն են հավաքվել, հեռացրել գերանները եւ դուրս բերել տան իրերը:
Նշենք, որ Գյումրիում մեծ թիվ են կազմում մասնավոր սեկտորի վթարային տները, որոնք սակայն ոչ մի անգամ ուսումնասիրությունների չեն ենթարկվել ու հաշվառված չեն եղել վթարայինների ընդհանուր ցանկում:Սակայն, ըստ մասնագետների, վերջին շրջանում գրանցված փլուզումները մասնավոր բնակֆոնդից են: Կառավարությունը, իշխանությունները ոչ մի պարտավորություն չեն կրում նման ընտանիքների նկատմամբ ու չունեն հատկացված միջոցներ ու ծրագրեր միտված մասնավոր տների բարեկարգմանը:




























