Այսօր մայիսի 22-ին ժամը 20.40-ի սահմաններում մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես դեպքի վայրից NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Նիվա» մակնիշի 23 ՍԼ 333 համարանիշի ավտոմեքենաի վարորդը վարելով ավտոմեքենան Երեւան-Սեւան ավտոճանապարհի 21-րդ կմ-ում Սեւանից դեպի Երեւան ընթանալիս, ըստ նախնական տեղեկությունների, չկարողանալով կառավարել ավտոմեքենան, հարվածել է բաժանարար արգելապատնեշներին եւ դուրս եկել հանդիպակաց գոտի: Ավտոմեքենան շրջվել է, որի արդյունքում մեկ հոգի մահացել, 3 հոգի տեղափոխվել են հիվանդանոց:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները հրամանատար Արսեն Գրիգորյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում էր ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի քննչական բաժնի Աբովյանի քննչական բաժանմունքի քննիչ Դավիթ Փայտյանը: Քննչական աշխատանքներ կատարելուց հետո քննիչի հանձնարարականով ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվեց ոստիկանության Կոտայքի բաժնի տուգանային հրապարակ: Դեպքի վայրում հավաքված անձինք նշում են, որ եղել են նաեւ վիրավորներ: Պարզվել է, որ դեպքի վայրից թիվ 8-րդ հիվանդանոց է տեղափոխվել 31-ամյա Վոլոդյա Կարապետյանը, Նաիրի բժշկական կենտրոն 18-ամյա Աշոտ Կարինյանը, իսկ 20-ամյա Հարություն Գեւորգյանը Էրեբունի բժշկական կենտրոն։ Իսկ դեպքի վայրից մահացած վիճակում Աբովյանի հիվանդանոց է տեղափոխվել 19-ամյա Նարեկ Սմբատյանը։ Կոտայքի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ի դեպ, վթարի վայրից մինչեւ ավտոմեքենայի շրջվելու հատվածը մոտ 15-20 մետր առկա էր արգելակման հետքեր:
















Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի




























