Իսլամական ռադիկալ «Թալիբան» շարժումը զգուշացրել է Ղազախստանին, որ վերջինս լուրջ խնդիրներ կունենա, եթե իր զինվորներին ուղարկի Աֆղանստան` ՆԱՏՕ-ի կոնտինգենտին աջակցելու համար: Այս մասին հայտնում են արտասահմանյան լրատվամիջոցները, վկայակոչելով շարժման կողմից արված հայտարարությանը: «Ղազախստանը կենտրոնացած է ԱՄՆ-ի շահերը պաշտպանելու վրա, փոխանակ ուշադրություն դարձնի տարածաշրջանում իր ժողովրդի եւ իր շահերի վրա: Ղազախստանի մահմեդականները պետք է հանդես գան իրենց իշխանությունների քաղաքականության այս գծի դեմ»,-ասված է թալիբների հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ նշվում է նաեւ, որ ղազախական զինվորականներին Աֆղանստան ուղարկելը Քաբուլի եւ Աստանայի հարաբերությունների, ինչպես նաեւ տարածաշրջանում տիրող ընդհանուր վիճակի վրա վաղաժամ բացասական ազդեցություն կթողնի:
Ղազախստանի խորհրդարանը 2011 թվականի մայիսի 8-ին հավանության է արժանացրել օրինագիծը, համաձայն որի Ղազախստանը ՆԱՏՕ-ի հետ համագործակցության շրջանակներում Աֆղանստան կուղարկի իր խաղաղապահներին:




























