Մայիսի 22-ին ֆրանսահայ հռչակավոր շանսոնյե Շառլ Ազնավուրը դարձել է 87 տարեկան:

Շառլ Ազնավուրը  (Շահնուր Վաղինակ Ազնավուրյան) ծնվել է 1924 թ. մայիսի 22-ին, Փարիզում, հայ գաղթականներ Միքայել եւ Քնար Ազնավուրյանների ընտանիքում։ 9 տարեկանից երգել եւ նվագել է բեմում: Հեղինակ է 1000-ից ավելի երգերի, նկարվել է 60 ֆիլմերում: Ճանաչվել է 20-րդ դարի լավագույն շանսոնյե : 2008թ. Հայաստանի քաղաքացիություն է ստացել, իսկ 2009-ից Հայաստանի դեսպանն է Շվեյցարիայում:

Ազնավուրը մանուկ հասակում տարվել է թատրոնով, իսկ 1940-ական թթ. Պիեռ Ռոշի հետ հանդես է եկել կաբարեում։ Առաջին երգը՝ «Ես հարբած եմ» (1944), Ժորժ Ուլմյերի կատարմամբ, արժանացել է «Տարվա ձայնապնակ» մրցանակին, սակայն Ազնավուր-կատարողին հանդիսատեսը երկար ժամանակ չի ընդունել։ Համաշխարհային հռչակ է ստացել 1956-ին, Փարիզի «Օլիմպիա» դահլիճում հաջող ելույթից հետո։ «Ֆրանսիան ազնավուրացված է»,- գրել է ֆրանսիական մամուլը։

Շուրջ ութ հարյուր երգի հեղինակ է (մի մասի համահեղինակ է նաեւ երգահան Ժորժ Կառվարենցը), այդ թվում՝ բազմաթիվ միջազգային հիթերի՝ «Մաման», «Բոհեմը», «Դեռ երեկ», «Երիտասարդություն», «Պետք է գիտնալ», «Նա», «Երկու կիթառ», «Ինչպես ասում են», «Հավերժական սեր», «Ավե Մարիա» եւ այլն։ Դրանց կատարողներից են՝ Էդիտ Պիաֆը, Լայզա Մինելին, Մստիսլավ Ռոստրոպովիչը, Պլաչիդո Դոմինգոն, Հուլիո Իգլեսիասը, Շերը, Ջո Դասենը, Ռեյ Չարլզը եւ այլք։ Ցայսօր վաճառվել է Ազնավուրի շուռջ հարյուր միլիոն ձայնապնակ։ Ամերիկյան «Թայմ» հանդեսի հարցման համաձայն Ազնավուրը ճանաչվել է «Դարի արվեստագետ»՝ 149 հազար ձայնով։ Արժանացել է Հայաստանի եւ Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգեւներին, «Պատվո սեզարի» (1997):

Ազնավուրը հպարտանում է իր հայկական ծագմամբ, մշտապես սատար է կանգնում Հայաստանին։ Հայկական թեմաներով են նրա «Քեզ համար, Հայաստան», «Նրանք ընկան» (Ցեղասպանության վաթսունամյակին), «Ինքնակենսագրություն» երգերը։ Դստեր՝ Սեդա Ազնավուրի հետ հայերեն կատարել է Սայաթ-Նովայի «Աշխարհումս» երգը։ 1988-ի սպիտակյան ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո հիմնադրել է «Ազնավուրը Հայաստանին» բարեգործական հիմնադրամը։ Հայաստանի մշտական դեսպանն է ՅՈՒՆԵՍԿՈ-յում։ 1964, 1996 եւ 2006 թթ. համերգներ է տվել Հայաստանում։ Գյումրիում կանգնեցված է Ազնավուրի արձանը, նրա անունով է կոչվում Երեւանի հրապարակներից մեկը։