Հայաստանում իշխանությունների եւ ընդդիմութան միջեւ երկխոսություն չկա, կա երկխոսության իմիտացիա։ Մայիսի 23-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նման համոզմունք հայտնեց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը։
Նրա խոսքով, ՆԺԿ-ն երկխոսությունը կողջունի միայն այն պարագայում, եթե գործընթացը նպաստի Հայաստանում առկա համակարգի փոխվելուն եւ ավազակապետության կազմաքանդմանը։ «Բայց եթե երկխոսության միակ նպատակը Հայաստանում բարոյահոգեբանական մթնոլորտի ձեւավորումն է, ապա այդ գործընթացը ոչ մի բանի չի բերելու։ Պարզապես երկխոսության գնալուց առաջ ՀԱԿ-ին խորհուրդ կտայի մտածել երկուստեք միմյանց «քցելու» հնարավորության մասին»,- նկատեց Արամ Կարապետյանը՝ ավելացնելով, որ արդեն հիմա իշխանությունները ՀԱԿ-ին զրկում են քաղբանտարյալների, Ազատության հրապարկի եւ այլ հարցերով կատարելիք շահարկումներից։
Նա միաժամանակ նշեց, որ հարցը՝ ի վերջո երկխոսությո՞ւն է այն, ինչ այժմ կատարվում է իշխանության եւ ընդդիմության միջեւ, պետք է տալ հատկապես ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանին։
Հարցին, թե ո՞ր պարագայում ՆԺԿ-ն կհամաձայնի համագործակցել ՀԱԿ-ի հետ, Արամ Կարապետյանը միանշանակորեն նշեց՝ միայն այն դեպքում, եթե արծարծվեն արտահերթ ընտրությունների կամ հեղափոխություն իրականացնելու հարցերը։ «Սակայն մենք ժամանակին խելացի ենք գտնվել, չենք թողել, որ մեզ հիմարի տեղ դնեն, ու դրա համար էլ ՀԱԿ-ի կազմի մեջ չենք մտել»,- ավելացրեց ՆԺԿ ղեկավարը։




























