ՄԱԿ-ը պետք է Չինաստանին «պատասխանատվության ենթարկի» կորոնավիրուսը զսպել չկարողանալու համար: Այս մասին ՄԱԿ Գլխավոր ասամբլեային իր ուղերձում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Համաշխարհային համավարակի հետեւանքով հիմնականում վիրտուալ դարձած համաշխարհային առաջնորդների տարեկան ժողովից առաջ նախապես նկարահանած իր խոսքում Թրամփը Չինաստանին մեղադրել է նաեւ այն բանի համար, որ Covid-19-ի բռնկման առաջին օրերին վարակվածներին թույլ է տվել լքել երկիրը: «Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից եւ ՄԱԿ-ի հիմնադրումից յոթանասունհինգ տարի անց մենք կրկին մասնակցում ենք մեծ գլոբալ պայքարի»,- ասել է Թրամփը՝ նկատի ունենալով «կատաղի մարտը», որը ԱՄՆ-ը մղում է «անտեսանելի թշնամու՝ չինական վիրուսի» դեմ: «Միավորված ազգերի կազմակերպությունը պետք է Չինաստանին պատասխանատվության ենթարկի իր գործողությունների համար»,- հավելել է նա:
Թրամփը նաեւ քննադատության է ենթարկել Չինաստանի բնապահպանական քաղաքականությունը՝ մեղադրելով նրա կառավարությանը չափազանց շատ ձկնորսություն թույլ տալու, աղբը օվկիանոսներ թափելու եւ ածխածնի արտանետումների անընդունելի մակարդակ արտադրելու մեջ: «Նրանք, ովքեր հարձակվում են Ամերիկայի բացառիկ բնապահպանական ցուցանիշների վրա, անտեսելով Չինաստանի սանձարձակ աղտոտումը, հետաքրքրված չեն շրջակա միջավայրով»,- ասել է Թրամփը: «Նրանք միայն ցանկանում են պատժել Ամերիկային, եւ ես դա չեմ հանդուրժի»:





























