«Արմենիա» հեռուստաընկերության աշխատակից, մայիսի 9-ին վթարի ենթարկված Անահիտ Բաղդասարյանի ոտքերն այսօր` մայիսի 23-ին, վիրահատել են: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից:
Նրանց փոխանցմամբ` վերակենդանացմամբ բաժանմունքից նրան այսօր կտեղափոխեն հիվանդասենյակ: Բժիշկները նրա վիճակը գնահատում են կայուն, բարդություններ առայժմ չկան: Նույն պատահարի արդյունքում, վթարի ենթարկված «Արմենիա» հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակվող «Կյանքի գինը» հեռուստասերիալում Արամ Ռուբինյանի դերակատար Աշոտ Մաթեւոսյանը եւ «Արմենիա» հեռուստաընկերության աշխատակից Թամարա Աբաջյանը մայիսի 21-ին դուրս են գրվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանում մայիսի 9-ին ժամը 06:45-ի սահմաններում, Մյասնիկյան պողոտայում` «Բելաջիո» ռեստորանային համալիրից վերեւ, «Նիսսան» մակնիշի 20 ՏՍ 663 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, ըստ նախնական տեղեկությունների, չկարողանալով կառավարել ավտոմեքենան, բախվել էր մայթեզրի բետոնե արգելապատնեշին, ապա նաեւ` ծառին: Վթարի հետեւանքով 3 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Մեքենայում եղել են 26-ամյա Աշոտ Մաթեւոսյանը, ով «Արմենիա» հեռուստատեսությամբ հեռարձակվող «Կյանքի գինը» հեռուստասերիալում Արամ Ռուբինյանի դերակատարն է, մյուս երկու աղջիկները` 29-ամյա Թամարա Աբաջյանը եւ Անահիտ Բաղդասարյանը նույնպես «Արմենիա» հեռուստաընկերության աշխատակիցներ են:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի




























