Մայիսի 22-ին ժամը 23.00-ից մինչեւ 23.45-ը տեղացած ուժեղ կարկուտի հետեւանքով, Սյունիքի մարզում վնասվել են Կապանի տարածաշրջանի Եղվարդ եւ Խդրանց գյուղերի, իսկ մայիսի 23-ին ժամը 04.30-ից մինչեւ 05.10-ը` Մեղրիի տարածաշրջանի Լեհվազ, Կուրիս, Կարճեւան, Գուդեմնիս, Տաշտուն, Շվանիձոր, Բարձրավան գյուղերի եւ Մեղրի քաղաքի բանջարանոցային մշակաբույսերի ցանքատարածքներն ու պտղատու այգիները:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծաայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նույն օրը ստացված տեղեկության համաձայն ժամը 15.00-ի սահմաններում տեղացած ուժեղ կարկուտի հետեւանքով վնասվել են Վայոց ձորի մարզի Արփի, Աղավնաձոր, Հերհեր եւ Ռինդ գյուղերի գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածքներն ու պտղատու այգիները:
Կարկտահարված տարածքները «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի կողմից չեն վերահսկվում:
«Հայպետհիդրոմետ» ծառայությունը հաղորդում է, որ մայիսի 23-ի օրվա երկրորդ կեսից հանրապետության կենտրոնական եւ հարավային շրջաններում սպասվում են հորդառատ անձրեւներ, ամպրոպներ եւ տեղ-տեղ կարկուտ: Ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում մինչեւ 25 մ/վ արագությամբ: Համապատասխանաբար նույն շրջանների գետերում սպասվում է ջրի ելքերի զգալի մեծացում:




























