Իսլանդական Գրիմսվոթն հրաբխի մոխրե ամպերը ոչ մի կերպ չեն ազդել «Արմավիա» ավիաընկերության թռիչքների վրա. դրանցից ոչ մեկը չի հետաձգվել եւ չեղյալ չի հայտարարվել։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց «Արմավիա» ավիաընկերության մամուլի արտուղար Նանա Ավետիսովան։

«Հրաբխի արտանետումները օդանավերի թռչիքներին չեն խանգարում, դեպի Եվրոպա եւ Ռուսաստան չվերթերը կատարվում են ըստ սահմանված գրաֆիկի»,- հավաստիացրեց նա:

Նշենք, որ Գրիմսվոթն հրաբուխն Իսլանդիայի հարավում սկսել է ժայթքել մայիսի 21-ին:

Հրաբխի նետած ծխի եւ մոխրի բարձրությունը հասնում է 11-15 կիլոմետրի:  ինչպես հաղորդում է իսլանդական հեռուստաընկերությունը, հրաբխից ավելի քան 200 կմ շառավղով հայտարարվել է  ոչ թռիչքային գոտի:

Օդերեւութաբանները, սակայն, կարծում են, որ  այս դեպքում միջազգային ավիափոխադրումների առումով էական խնդիրներ չեն առաջանա, ինչպես  նախորդ տարի Էյաֆյատլայոկուդլ հրաբխի դեպքում:

Ըստ օդերեւութաբանների` հրաբխի ժայթքումը կարող է հանգեցնել ձյան հալոցքի եւ  մոտակա շրջանների` հալոցքաջրերով ողողման: