Երեւանում այսօր` մայիսի 24-ին ժամը 13:10-ի սահմաններում, ԱԻՆ 108 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արգիշտի-4/1  հասցեումգտնվող «ՎիվաՍելլ» ընկերության կենտրոնական գրասենյակի շենքում ռումբ է դրված:

Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայության Երեւանի փրկարարական վարչության աշխատակիցները, ոստիկանության Կենտրոնականի բաժնի օպերատիվ քննչական խումբը, ինչպես նաեւ ԱԱԾ Կենտրոնականի պետը:

Այս պահին ընկերության բոլոր աշխատակիցներին տարհանել են եւ շենքի ներսում ռումբի որոնողական աշխատանքներ են կատարվում:

Շուտով դեպքի վայրում կլինեն նաեւ սակրավորները:

Ի դեպ, երբ փրկարարներն ու ոստիկանության Կենտրոնականի բաժնի աշխատակիցները փորձում էին «ՎիվաՍելլ»-ի աշխատակիցներին տարհանել, ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը արգելում էր, որպեսզի աշխատակիցներին տարհանեն: Այնուամենայնիվ, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Կենտրոնականի բաժնի պետ Սարգիս Մարտիրոսյանը եւ ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայության Երեւանի փրկարար ծառայության պետ Մուշեղ Ղազարյանը, ովքեր Ռալֆ Յիրիկյանի հետ 10-15 րոպե բանակցելուց հետո, կարողացան համոզել նրան, որպեսզի շենքի բոլոր աշխատակիցները տարհանվեն: Ռալֆ Յիրիկյանը հայտարարում էր, որ դա իր սեփական տարածքն է եւ այլ մարդիկ իրավունք չունեն մուտք գործել այնտեղ:

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի