Երեւանում այսօր` մայիսի 24-ին, ժամը 14-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել Երեւանի Ազատության պողոտայի «Լամբադա» կամրջի սկզբնամասում:
Ինչպես դեպքի վայրից NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ԶԻԼ մակնիշի 029 ԼՏ 28 համարանիշի բեռնատար ավտոմեքենան, դուրս գալով հանդիպակաց գոտի, հարվածել է կամջրի տակ գտնվող բետոնե բաժանարար արգելապատնեշին, ապա հարվածել համընթաց ուղղությամբ ընթացող Mitsubishi Pajero մակնիշի 13 ՏՍ 744 համարանիշի ավտոմեքենային:
Բախման հետեւանքով, ԶԻԼ-ը շրջվել է, իսկ Mitsubishi-ն` հայտնվել կամրջի բաժանարար բետոնե սյան վրա: Mitsubishi-ն վարել է 36-ամյա Ռուզաննա Հովասափյանը, իսկ ԶԻԼ-ը` 47-ամյա Հովսեփ Մկրտչյանը: Վերջինիս դեպքի վայրից շտապօգնության մեքենան տեղափոխեց հիվանդանոց:
Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում էր ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Դավիթ Մարտիրոսյանը: Նրա հանձնարարականով մեքենաները տեղափոխվելու են ՃՈ տուգանային հրապարակ: ՃՏՀ քննության բաժնում նյութեր են նախապատրաստվում:








Լուսանկարները եւ տեսանյութը` Գագիկ Շամշյանի




























