Իշխանական թեւի ներքաղաքական դաշտում այսօր ամեն ինչ բնական հունով է ընթանում. նույնիսկ արտառոց չէ, երբ խոսում են երրորդ ուժի  ձեւավորման մասին: Այս մասին այսօր` մայիսի 24-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցությունից Հովհաննես Սահակյանը:

Ասուլիսի մյուս բանախոսը` անկախ պատգամավոր Վարդան Խաչատրյանը, խոսելով ՀԱԿ-ՀՀԿ հնարավոր երկխոսության մասին, մի կողմից նշեց, որ քաղաքականության մեջ որեւէ բան բացառել չի կարելի: Նա այս ժամանակշրջանը որակեց որպես « խառնակ»: «Մեկ բան հստակ է. ՀԱԿ-ի համագործակցությունը ՀՀԿ-ի հետ ծայրահեղ ծանր կարող է անդրադառնալ ՀԱԿ-ի հանդեպ ժողովրդի վերաբերմունքի վրա: Հայ ժողովուրդը մերժում է դեդլայնը մեկ-երկու անգամ անցած գործիչներին, նրանք հետադարձ չունեն»,- ասաց նա:

ՀԱԿ-ՀՀԿ հնարավոր երկխոսության շուրջ մի շարք ուժերի մտահոգ լինելու հետ կապված` Հովհաննես Սահակյանն ասաց. «Եթե լինի առողջ երկխոսություն, ես վատ բան չեմ տեսնում: Ինչի՞ են խառնվում, կամ ինչի՞ են մտահոգ: Այդ մտահոգությունը այն ուժերի շրջանում է, որոնց նպատակը միայն իշխանափոխությունն է: Ես չեմ ուզում ասել, որ այսօր կա այդ երկխոսությունը: Կա ընդհանուր քաղաքական դաշտ, որտեղ արտախորհրդարանական ուժերը ձեւակերպել են իրենց մտքերը, խոհերը, կա իշխանություն, որ կատարում է խնդիրները»: