Հայաստանի գլխավոր դատախազությունում վարչությունում հարուցվել է քրեական գործ` մարզպետարանի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեկան լիազորությունները չարաշահելու, իսկ ՍՊԸ-ի տնօրենի կողմից` խարդախության եւ փաստաթղթեր կեղծելու փաստի առթիվ:
Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախապատրաստված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Արարատի մարզի Նոյակերտի եւ Ոսկետափի թիվ 2 դպրոցների հիմնանորոգման ընթացքում «ՆՆԱ» ՍՊԸ-ի տնօրեն Ն. Անդրեասյանը, ամբողջ ծավալով չկատարելով նախագծանախահաշվային փաստաթղթերով նախատեսված շինարարական աշխատանքնեները, ՀՀ Արարատի մարզպետարան ներկայացրած կեղծ կատարողական ակտերում հավելագրումներ կատարելու միջոցով, օգտվելով մարզպետարանի պաշտոնատար անձանց կողմից անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով իրենց ծառայողական պարտականությունները չկատարելու հանգամանքից, խաբեությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի` 12.699,6 հազար դրամ գումար, ինչի հետեւանքով պետության օրինական շահերին պատճառվել է ծանր հետեւանքներ առաջացնող էական վնաս:
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում Ն. Անդրեասյանի կողմից փաստաթղթեր կեղծելու միջոցով առանձնապես խոշոր չափերի` 12.699,6 հազար դրամ, գումար հափշտակելու, իսկ ՀՀ Արարատի մարզպետարանի պաշտոնատար անձանց կողմից անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով իրենց ծառայողական պարտականությունները չկատարելու վերաբերյալ նյութերով հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ, 325-րդ հոդվածի 1-ին եւ 308-րդ հոդվածի 2-րդ մասերի հատկանիշներով:



























