Հանրապետական կուսակցությունը չի խառնվել իրար` առաջիկա ընտրություններին ԲՀԿ-ի առանձին ցուցակով մասնակցելու հետ կապված: Այս մասին այսօր` մայիսի 24-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցությունից Հովհաննես Սահակյանը: «99թ-ից այս կողմ ՀՀԿ-ն վաղուց իրար չի խառնվում, խառնվելու հայտարարություն էլ չկա այնտեղ: Դա ԲՀԿ-ի որոշելիք խնդիրն է` առանձին կմասնակցի, թե` ոչ»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է ՀՀԿ-ՀԱԿ միասնական ցուցակով հանդես գալուն, ապա Հանրապետական պատգամավորի խոսքով` ՀՀԿ-ն նման բան չի քննարկել: Նրա խոսքով` որեւէ տեղ գրված էլ չէ, որ ՕԵԿ-ի հետ միասնական ցուցակով են հանդես գալու:
Հիշեցնենք, որ Հայաստանի խորհրդարանում ՀՀԿ եւ ԲՀԿ խմբակցությունների համատեղ փակ նիստից հետո ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը լրագրողներին ասել է, որ ԲՀԿ-ն խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է առանձին ցուցակով: Նա ընդգծել է, որ «Բարգավաճ Հայաստանը» ստորագրել է կոալիցիոն հուշագիրը, որպեսզի նախագահ Սերժ Սարգսյանն ավելի վստահ զգա իրեն միջազգային բանակցություններում: Մինչ այդ փետրվարի 17-ին ստորագրված հուշագրով կոալիցիոն ուժերը պարտավորվում էին առաջիկա նախագահական ընտրություններում աջակցել Սերժ Սարգսյանի թեկնածությունը, իսկ խորհրդարանական ընտրություններում նպատակ չունեն իրենց քաղաքական կշիռն ավելացնել միմյանց դեմ պայքար ծավալելու եւ կոալիցիայի ներսում ուժերի հարաբերակցությունը փոխելու հաշվին:




























