Զբոսաշրջության քարտեզի վրա Երեւանը պետք է ներկայանալի դառնա: Այս մասին հայտարարել է Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը` «Քրոնի Մեդ Մայնինգ» ընկերության ղեկավար, Գերմանիայի Բադեն Վյուրտենբերգ երկրամասում ՀՀ պատվո հյուպատոս Գյունտեր Պիլարսկիի հանդիպման ժամանակ:
Ինչպես NEWS.am-ին հայտնում են Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից` Կարեն Կարապետյանը Գերմանիայից եկած հյուրին ներկայացրել է քաղաքային տնտեսության մեջ գործարար հետաքրքրություն ներկայացնող ոլորտները: Քաղաքապետը նշել է, որ Երեւանում լուրջ քայլեր են ձեռնարկվել եւ ներդրողների համար ապահովված է հարմարավետ ու բարենպաստ դաշտ:
Այս համատեքստում Կարեն Կարապետյանը մասնավորապես առանձնացրել է աղբահանության եւ տրանսպորտի բնագավառները: Քաղաքապետը տեղեկացրել է, որ առաջիկայում մայրաքաղաքում աղբահանության կազմակերպման մասով օպերատորների մրցույթ է հայտարարվելու եւ որպես գործընկեր գերմանական ընկերություններին առաջարկել է մասնակցել այդ մրցույթին:
Խոսելով «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի վերակառուցման հարցի շուրջ, Երեւանի քաղաքապետը նշել է, որ գերմանական KfW բանկի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել ֆինանսավորելու ծրագիրը: «ՔրոնիՄեդ Մայնինգ» ընկերությանը եւս առաջարկել է մասնակցել այդ ծրագրին:
Կարեւորելով քաղաքապետարանի որդեգրած քաղաքականությունը, Գյունտեր Պիլարսկին նշել է, որ առաջիկայում իրենք ստեղծելու են հիմնադրամ եւ անպայման կդիտարկեն թանագարանի վերակառուցման ծրագրին իրենց մասնակցության հարցը:




























