Քիչ չեն շահարկումները դեռեւս չընդունված, բայց բավականին մեծ հասարակական հնչեղություն ունեցող նախագահ Սերժ Սարգսյանի կողմից Ազգային Ժողով ներկայացրած համաներման առաջարկը: Այդ մասին Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է հանրապետական պատգամավոր Հովհաննես Սահակյանը:
«Քաղաքական դաշտում տիրում է մի կատարյալ իրարանցում, թե ինչի, ինչպես, ում համար, ում խնդրանքով, ում պահանջով պետք է իրականացվի համաներումը, որը քայլ էր դեպի մեր հանրության միասնության եւ հավատի ամրապնդմանը: Ավելի շատ ակտիվացան այնպիսի ուժեր, ում ամենից հարկավոր էր ժողովրդի ու նախագահի պառակտումը»,- նշել է պատգամավորը ու ազդարարել, թե «եւ հենց այդ պահին չգիտես որտեղից հայտնվում է որեւէ մեկը ու սկսում թվացյալ անհաջողությունների վրա կարիերա ստեղծել», բայց չի մանրամասնել, թե ով է այդ մեկը:
«Ուղղակի հիշեցնեմ եւ հիասթափեցնեմ, այդ մարդկանց ասելով, որ այս քայլը որեւէ մեկին գոհացնելու կամ հիասթափեցնելու չէր միտված, ընդամենը պարզ մարդասիրական, իսկական առաջնորդին վայել քայլ, որի արդյունքում հաշված օրերի ընթացքում մենք կունենանք հարյուրավոր երջանիկ, նոր ուժ եւ իմաստ ստացած ընտանիքներ»,- արձանագրել է պատգամավորը:




























