Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 50 հազար ամերիկացի ընտրողներ ստացել են սխալ թերթիկներ ԱՄՆ նախագահական ընտրություններում հեռակա քվեարկության համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«50 հազար ընտրողներ Օհայո նահանգից ստացել են սխալ թերթիկներ հեռակա քվեարկության համար: Վերահսկողությունը բացակայում է: Կեղծված ընտրություններ են»,-ուրբաթ թվիթերյան իր էջում գրել է Թրամփը:

Ավելի վաղ Associated Press գործակալությունը հաղորդել էր, որ շուրջ 50 հազար ընտրողներ Ֆրանկլին շրջանից (Օհայո նահանգ) ստացել են սխալ քվեաթերթիկներ ծրարներում քվեաթերթիկները բաշխող սարքի աշխատանքի խափանման պատճառով: Ֆրանկլինի ընտրահանձնաժողովը խոստացել է ուղարկել բոլոր տուժած ընտրողներին հրահանգ սխալի պատճառների եւ նրանց հետագա գործողությունների մանրամասն պարզաբանմամբ:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս քննադատել է փոստով քվեարկության մեթոդը՝ հղում անելով հստակ եւ օպերատիվ կերպով ընտրությունների արդյունքները հաշվելու անհրարինության վրա, ինչպես նաեւ զանգվածային կեղծումների, «մեռյալ հոգիների», ընտրություններում մասնակցելու իրավունք չունեցող անձանց մասնակցության սպառնալիքի վրա: Թրամփը նաեւ հայտարարել է, որ փոստով քվեարկությունը դարձնում է առաջիկա ընտրությունները խոցելի արտերկրից միջամտության տեսանկյունից:

Նոյեմբերի 3-ին կայանալիք ընտրություններում ԱՄՆ-ում կընտրվի նախագահ եւ փոխնախագահ, 35 սենատոր, Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 անդամները, 13 նահագապետեր, ինչպես նաեւ ՏԻՄ ներկայացուցիչներ: Նախագահի պաշտոնի համար պայքարում են հանրապետական Թրամփն ու դեմոկրատ Ջոզեֆ Բայդենը: ԱՄՆ նոր նախագահի երդմնակալության արարողությունը կկայանա 2021 թվականի հունվարի 20-ին: