Հայաստանին պետք են ոչ թե երիտասարդ առաջնորդներ, ովքեր կշարունակեն ներկայիս պաշտոնյաների քաղաքականությունը, այլ առաջնորդներ, ովքեր թարմություն կմտցնեն երկրի քաղաքական կյանքում։ Այս մասին մայիսի 25-ին հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը։
Նրա խոսքով, քաղաքական միջավայրը Հայաստանում բավական ապակառուցողական եւ վտանգավոր է, եւ ամեն մեկը չէ, որ խիզախություն կունենա մուտք գործել քաղաքականություն։
Սաֆարյանի համոզմամբ, Հայաստանում սկզբունքները եւ արժեքները երկրորդային են, եւ առաջնորդն, ով ղեկավարվում է բարձր արժեքներով, դառնում է սպիտակ ագռավ։
Ամփոփելով՝ «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը նկատեց, որ ստեղծված անելանելի վիճակի պատճառով, Հայաստանում գործում է նախկին առաջնորդների վերադարձի ֆենոմենը։




























