Ժառանգություն ստացած սոցիալ-տնտեսական ճգնաժամի պատասխանատվությունը կրում է կառավարությունը, ի դեմս Հայաստանի Հանրապետական կուսակցության։ Կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնության քննարկման ժամանակ խորհրդարանի ամբիոնից այս մասին հայտարարեց  ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուսատամյանը։

Նա ընդգծեց, որ նմանօրինակ նախաձեռնության հիմք է ծառայում այն, որ կառավարությունը չկարողացավ ապահովել նախապես հայտարարված սոցիալ-տնտեսական չափորոշիչները, ձախողվեց գնաճը եւ արտագաղթը զսպելու խնդիրը։ Պատգամավորը նաեւ նշեց, որ խորհրդարանի նիստեր դահլիճում նստածներից շատերը ժամանակին կառավարությունում բարձր պաշտոններ են զբաղեցրել եւ թողած ծանր ժառանգության պատճառով պետք է հեռանան քաղաքական ասպարեզից։ Ռուստամյանը նաեւ ընդգծեց, որ կառավարությունն իր ձախողումների պատճառով ողջ կազմով պետք է հրաժարական տա։

«Տպավորություն է ստեղծվում, որ կառավարությունը մի բան հայտարարում, մեկ այլ բան անում  է, իսկ բոլորից գաղտնի մի այլ՝ երրորդ բան է մտածում»,- հայտարարեց Ռուստամյանը։

Հակազդելով մեղադրանքներին՝ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը կրկին ամեն բան բարդեց միջազգային տնտեսական ճգնաժամի վրա։ Միաժամանակ Գաբրիելյանը համաձայնեց ՀՅԴ այն գնահատականի հետ, որ Հայաստանի տնտեսությունը փայլուն իրավիճակում չէ։

Նշենք, որ նախաձեռնությունը խորհրդարանի կողմից մերժվել է։ Նշենք նաեւ, որ այս կուսակցությունը եւս ժամանակին կառավարության մաս էր եւ իշխող կոալիցիայից դուրս եկավ միայն հայ-թուրքական հարաբերությունների պատճառով ծագած տարաձայնությունների պատճառով։