Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը նամակ է գրել Հռոմի Պապ Ֆրանցիսկոս Առաջինին, որում խնդրել է ներողություն խնդրել երկրի արմատական բնակչության նկատմամբ բռնությունների ժամանակ Կաթոլիկ եկեղեցու դերի համար իսպանական նվաճման ժամանակաշրջանում 500 տարի առաջ, գրում է Guardian-ը:
Իր նամակում Օբրադորը նաեւ խնդրել է Վատիկանին իսպանացիաների կողմից Մեքսիկան նվաճելու 500-ամյակի նախաշեմին ժամանակավորապես վերադարձնել Մեքսիկային մի քանի հնագույն ձեռագիր, որոնք պահվում են Կաթոլիկ եկեղեցու գրադարանում: Նամակը թվագրված է հոկտեմբերի 2-ով, սակայն Թվիթերում հրապարակվել է շաբաթ:
Մեքսիկայի նախագահը գրում է, որ Իսպանիայի եւ Վատիկանի իշխանությունները պետք է ներողություն խնդրեն արմատական ժողովուրդներից «ամենադատապարտվող վայրագությունների համար», որոնք կատարվել են Մեքսիկայում 1521 թվականին իսպանացի կոնկիստադորների ժամանումից հետո:
Նույնանման նամակ է Օբրադորն ուղղել նաեւ Իսպանիայի կառավարությանը, որը, սակայն, ամբողջովին հերքել է այդ գրությունը:
Կաթոլիկ եկեղեցին առանցքային դեր է խաղացել Իսպանիայի կողմից Ամերիկան գաղութացնելու գործում՝ ուղարկելով առաքելություններ արմատական ժողովուրդներին պարտադրելու քրիստոնեություն դավանել:





























