Չին-ամերիկյան հարաբերություններում աճող լարվածությունը կարող է բացասաբար անդրադառնալ տեղեկատվական եւ հեռահաղորդակցային արտադրանքի մատակարարումների միջազգային շղթաների վրա, ապակայունացնող ազդեցություն ունենալ Չինաստանի ֆինանսական համակարգի վրա։ Այս մասին այսօր հայտարարել է Չինաստանի Ժողովրդական բանկի (կենտրոնական բանկ) ղեկավարի տեղակալ Ֆան Իֆեյը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ 

«Չին-ամերիկյան հարաբերություններում չափազանց բարդ իրավիճակի պատճառով մեծ վտանգ է առաջացել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մատակարարումների շղթաների համար։ Շփումների կտրուկ էսկալացիայի դեպքում դա լրջորեն կանդրադառնա մեր երկրի ֆինանսական ցանցի եւ տեղեկատվական համակարգի կայունության վրա»,- շեշտել է նա «Չինաստանին ֆինանսներ» ամսագրում հրապարակված հոդվածում։

Ֆան Իֆեյը հստակեցրել է, որ վեջին շրջանում մեծանում են ռիսկերը՝ կապված նոր տեխնոլոգիաների առաջացման եւ դեռես մինչեւ վերջ չստուգված տեխնոլոգիաների հետ, որոնք սկսում են կիրառվել բանկային ոլորտում։ Ինչ վերաբերում է ավանդական մեթոդներին, ապա դրանց վրա աճող ճնշում է զգացվում ավելի ու ավելի բարդ մեխանիզմների ձեւավորման պատճառով, որոնք անհրաժեշտ են կարեւոր գաղտնի տվյալների պաշտպանության համար։

Նրա խոսքով՝ Չինաստանի Ժողովրդական բանկի ղեկավարությունը նոր մեթոդներ է մշակում, որոնք թույլ կտան ապահովել ազգային ֆինանսական համակարգի որակյալ աշխատանք, դրա զարգացումը խթանել ավելի որակյալ եւ ժամանակակից ստանդարտներին համապատասխան։