Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն ու Հայաստանում ՌԴ դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն անդրադարձել են ապրիլի 18-19-ին Երեւանում կայացած «Հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններում միջտարածաշրջանային համագործակցության նոր նվաճումներին ընդառաջ» առաջին համաժողովի արդյունքներին:
ՏԿՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նրանք ընդգծել են, որ համաժողովը հաջողված էր:
Նշվել է, որ հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի շրջանակում ձեւավորվելու է միջտարածաշրջանային համագործակցության հարցերը համակարգող աշխատանքային խումբ` երկու կողմից փոխնախարարների ղեկավարությամբ: Ամփոփվել է նաեւ վերջին 20 տարվա ընթացքում երկու երկրների տարածաշրջանների միջեւ շփումների, համագործակցության, ստորագրված փաստաթղթերի վերաբերյալ տեղեկատվությունը: Հաշվի առնելով համագործակցության նոր հետաքրքրությունները` փոխվարչապետը կարեւորել է առավել գործնական շփումների, գործակցության կոնկրետ ծրագրերի ուղղությամբ քայլերի իրականացումը:
Հանդիպմանը քննարկվել են նաեւ Եվրոպական ռեգիոնների ասամբլեայի շրջանակում երկու երկրների տարածաշրջանների համագործակցության հնարավորությունները` հաշվի առնելով, որ եւ Հայաստանի, եւ Ռուսաստանի ռեգիոններն անդամակցում են կառույցին, եւ կարող են համատեղ ծրագրեր իրականացնել` ներգրավելով ռեսուրսներ եվրոպական հիմնադրամներից:



























