Պատմության մեջ առաջին անգամ Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) բեռնատար նավը մտել է Իսրայելի Հայֆա նավահանգիստ: Այս մասին երկուշաբթի Twitter-ում հայտարարել է Հրեական պետության վարչապետ Բենյամին Նեթանյահուն, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Պատմության մեջ առաջին անգամ առեւտրային նավն ԱՄԷ-ից մտել է Հայֆա նավահանգիստ: Բացվում է Արաբական Միացյալ Էմիրությունների եւ Իսրայելի միջեւ նոր առեւտրային ուղին»,- գրել է վարչապետը լուսանկարի մեկնաբանության մեջ, որին պատկերված է այն պահը, երբ նավը մուտք է գործում նավահանգիստ: «Մեր (Իսրայելի եւ ԱՄԷ) միջեւ կնքված խաղաղության համաձայնագիրը համագործակցության ճանապարհ է բացում, որը միլիարդներ կբերի Իսրայելի քաղաքացիներին: Սա հատկապես կարեւոր է կորոնավիրուսի համավարակի ժամանակ, քանի որ օգնում է ամրապնդել տնտեսությունը»,- հավելել է Նեթանյահուն:

Սեպտեմբերի 15-ին Վաշինգտոնում  Նեթանյահուն, ԱՄԷ-ի եւ Բահրեյնի արտաքին գործերի նախարարներ շեյխ Աբդուլլահ բին Զայիդ ալ-Նահայանը եւ Աբդել Լաթիֆ բեն Ռաշեդ ազ-Զայանին համաձայնագրեր էին ստորագրել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ: Արարողությանը ներկա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փաստաթղթերը որպես «համապարփակ խաղաղության հիմք» էր որակել տարածաշրջանում: