Չինական պարեկանավերը Սենկակու (Դյաոյույդաո) վիճելի կղզիների գոտում են ռեկորդային մեծ ժամանակահատվածում, որը Ճապոնիան համարում է իր տարածքային ջրերը։ Այս մասին այսօր հայտարարել են ճապոնական առափնյա պահպանությունից, հայտնում է Kyodo գործակալությունը։

Չինաստանի ծովային ոստիկանության 2 նավեր այս ջրեր են մտել հոկտեմբերի 11-ին եւ մինչեւ հիմա այնտեղ են գտնվում։ Նրանք անտեսում են ճապոնացի պարեկների պահանջը Սենկակուի գոտին լքելու մասին, եւ ինչպես պնդում են Տոկիոյից՝ մտնելու օրը փորձել են վտանգավոր կերպով մոտենալ ճապոնական ձկնորսանավին։

Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Կացունոբու Կատոն երեքշաբթի հայտնել է, որ Չինաստանի նավերը արշիպելագի ջրերում են արդեն ավելի քան 2 օր։ «Իրավիճակը խոր ափսոսանք է առաջացնում, - ասել է նա։ - Մենք Չինաստանին բողոքներ ենք հայտնում դիվանագիտական խողովակներով։ Ճապոնիան հետեւողականորեն պաշտպանելու է իր տարածքային ջրերը»։

Արեւելաչինական ծովում Սենկակու անմարդաբնակ արշիպելագի շուրջ տարածքային վեճը սրվել է այն բանից հետո, երբ 2012 թվականի սեպտեմբերին Տոկիոն հայտարարել էր այդ կղզիների ճապոնացի քաղաքացի տերերից դրանք հետ գնելու մասին։ Դրանից հետո Չինաստանում ընթացել էին հակաճապոնական զանգվածային ցույցեր, որոնք ուղեկցվել եհն ավերածություններով։ Այդ ժամանակից ի վեր չինական նավերը մշտապես նավարկում են վիճելի կղզիների մերձակայքում եւ պարբերաբար ցուցադրաբար մտնում դրանց առափնյա գոտի։ 2012 թվականի սեպտեմբերին նրանք անընդմեջ այնտեղ են գտնվել 39 ժամ։