Հնդկաստանը եւ Չինաստանը կշարունակեն Լադակխում իրավիճակի կարգավորման շուրջ բանակցությունները, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Daily Pioneer-ին:
Նախօրեին երկու երկրների ռազմական եւ դիվանագիտական ներկայացուցիչների մասնակցությամբ կայացել է բանակցությունների 7-րդ փուլը:
Այդ բանակցություններն առաջինն են եղել, որոնց ընթացքում բացի զինվորականներից մասնակցել են Հնդկաստանի եւ Չինաստանի ԱԳՆ բարձրաստիճան ներկայացուցիչները:
Նյու Դելին բանակցությունների արդյունքով պաշտոնական հայտարարություն չի տարածել:
Պարբերականի աղբյուրների խոսքով՝ չնայած ձեռքբերված արդյունքներին՝ կողմերին չի հաջողվել վերացնել խոչընդոտները, որոնք խանգարում են Լադակխից զորքերի փոխադարձ դուրսբերմանը:
Աղբյուրների տվյալներով՝ Չինաստանի ազգային-ազատագրական բանակը սկսել է իր զինվորականների ռոտացիան, ինչը վկայում է այդ վիճելի տարածքում առաջիկա ձմռանը չինական զինվորական ներկայությունը պահպանելու մտադրության մասին:
Հիշեցնենք, որ Հնդկաստանի եւ Չինաստանի միջեւ սահմանին Լադակխի շրջանում իրավիճակը սրվել է մայիսին եւ հունիսին: Այդ ժամանակ յուրաքանչյուր կողմից բախումներին մասնակցել է մի քանի հարյուր զինվորական, հաղորդվել է Հնդկաստանի առնվազն 20 զինվորի եւ Չինաստանի մինչեւ 45 զինվորի մահվան մասին: Դրանից հետո բանակցություններ են սկսվել ռազմական եւ դիվանագիտական մակարդակներով, սակայն որեւէ արդյունք չի գրանցվել: Երկու կողմերը միմյան մեղադրել են սահմանին սադրանքներ իրականացնելու մեջ:





























