Ճապոնիայի Կոբե քաղաքում Mitsubishi Heavy Industries կորպորացիայի նավաշինարանում ջուրն են իջեցրել նոր տեսակի դիզելային էլեկտրական «Թայգեյ» («Մեծ կիտ») հարվածային սուզանավ: Գրեթե 3000 տոննա ջրատարողությամբ սուզանավը երկրի ՌԾՈւ կազմում կհայտնվի 2022 թվականի մարտին, հաղորդում է Kyodo գործակալությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Մինչ այդ սուզանավը տարբեր փորձարկումներ կանցնի:

84 մետր երկարությամբ այդ սուզանավը համապատասխանում է «Սորյու» դասի սուզանավերին, որոնք փորձագետներն աշխարհում լավագույններից են համարում: Սակայն «Թայգեյը» պատկանում է նոր սերնդի սուզանավերին, որոնք քիչ նկատելի են ռադարների համար եւ կարող են երկար մնալ ջրի տակ:

Սուզանավի շինարարության համար ծախսվել է գրեթե 76 մլրդ իեն (գրեթե 722 մլն դոլար):

ՌԾՈւ կազմում հայտնվելուց հետո այն կդառնա ճապոնական 22-րդ հարվածային սուզանավը: