Կառավարության նիստերի դահլիճում այսօր` մայիսի 26-ին կայացել է Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանի նախաձեռնած Ժողովրդահայրենասիրական ուժերի եւ անհատ քաղաքացիների 2-րդ համաժողովը, որի ընթացքում ընդունվել է հռչակագիր:
Ստորեւ ներկայացնում ենք հռչակագրի տեքստը.
«Հայաստանում ստեղծված աղետալի վիճակի, օրըստօրե աճող ու խորացող արտաքին ճնշումների ու սպառնալիքների, ներքին քաոսային ու ապակայունացնող ֆինանսատնտեսական ճգնաժամի եւ դրանց վերացման համար անհրաժեշտ ու անհետաձգելի առաջնահերթությունների իրականացման կապակցությամբ` ԺՀՈՒՄ-ի համակարգող խորհրդի անդամների կողմից հասարակության տարբեր շերտերի հետ անցկացված բազմաթիվ հանդիպումների, քննարկումների ժամանակ պարզվեց, որ ժողովրդի ճնշող մեծամասնությունը ոչ միայն մտահոգ է, այլեւ իր ակտիվ մասնակցությամբ պատրաստակամ է ձեւավորել ԱԶԳԱՅԻՆ ՃԱԿԱՏ եւ ԱՆԶԻՋՈՒՄ ՊԱՅՔԱՐՈՎ տեսանելի ժամանակահատվածում հասնել այնպիսի լայն ու հզոր հասարակական շարժման, որն ի զորու կլինի վերջ դնել արատավոր վարչահրամայական, կլանաօլիգարխային ռեժիմին` գործող իշխանությունների անհապաղ հրաժարականի եւ արդարության ու ժողովրդավարության վերականգնմանը միտված համակարգի ստեղծման, անկախ պետականության հզորացման եւ հեղինակության բարձրացման պահանջով:
ա) Ազգային Ճակատը կարեւորելու է արդարացի ժողովրդավարական ընտրությունների միջոցով հասարակության վստահությունը վայելող լեգիտիմ իշխանության ձեւավորումը:
բ) Մենք անհրաժեշտ ենք համարում ժողովրդի պահանջով այսուհետ կիրառել բոլոր միջոցները` «մեծ բիզնեսի» մուտքը իշխանություն իսպառ բացառելու եւ իշխանական կառույցների ու կապիտալի սերտաճումը չեզոքացնելու համար, ուստի առաջարկելու ենք ընտրություններն անցկացնել միայն համամասնական ընտրակարգով:
գ) Մեր համոզմամբ` երկրում տնտեսական կայունությունն ամրակայելու համար անհրաժեշտ է առավելագույնս խորացնել եւ ընդլայնել ՌԴ հետ ռազմավարական եւ բոլոր բնագավառներում սերտ հարաբերությունների խորացումն ու ամրապնդումը` անհրաժեշտ մակարդակի բերելով հարաբերությունները ԱՊՀ այլ երկրների հետ, իսկ մնացած պետությունների հետ հաստատել փոխգործակցություն այնքանով, որքանով կբխի Հայաստանի գերակա շահերից:
դ) Ղարաբաղյան հիմնահարցի արդարացի լուծման մեջ Ազգային Ճակատը մեր հասարակության համար ընդունելի կհամարի միայն պատերազմի արդյունքներին համապատասխանող խաղաղության պայմանագրի կնքումը:
ե) Տասնամյակների ընթացքում Հանրապետությունում ձեւավորված ծանր բարոյահոգեբանական մթնոլորտը շտկելու համար անհրաժեշտ ենք համարում համամարդկային եւ հատկապես ազգային արժեքների ու հայեցի կենսակերպին բնորոշ ավանդույթների լայն քարոզչությունը եւ վերականգնումը հասարակական կյանքի բոլոր հարթություններում:
Սիրելի հայրենակիցներ, ակնկալում ենք ձեր ակտիվ մասնակցությունը:
ԺՀՈՒՄ-ի համակարգող խորհրդի անդամները ստանձնում են վերը նշված նպատակների իրականացումը` գիտակցելով իրենց պատասխանատվությունը ազգի եւ ապագա սերունդների առջեւ»:
Խորհրդի անդամներն են.
Տիգրան Կարապետյան /Ժողովրդական կուսակցության նախագահ/
Վարդան Խաչատրյան /ԱԺ պատգամավոր/
Իշխան Թովմասյան /ԺՀԱՔ հ/խ-ի նախագահ/
Արտակ Հարությունյան /ԺԿ քաղխորհրդի նախագահ/
Էմանուել Մարգարյան /բանասիրական գիտությունների թեկնածու/
Ռուզաննա Ստեփանյան /միավորման ակտիվիստ/
Ստեփան Բարխուդարյան /միավորման ակտվիստ/




























