Թուրքիայի Տրապիզոն քաղաքի Սանտա Մարիա կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոս Անդրեա Սանտորոյին սպանած Օղուզհանը բանտում ապրում է թագավորի պես եւ նպատակ ունի ավելի հայտնի դառնալ՝ սպանելով Հռոմի Պապին։

Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ՝ Օղուզհանը Տրապիզոնի Բահչեջիկի բանտում պատիժը կրելու ընթացքում նամակ է գրել ազգականներից մեկին։ Հայտնի է դարձել, որ նամակում հետեւյալն է եղել. «Ներսում թագավորի պես եմ։ PlayStation-ը դիմացս է, բոլորովի չեմ նեղվում։ Սանտորոն ո՞վ էր որ:

Դուրս գալուն պես Հռումի Պապին եմ սպանելու։ Աղջայից (Մեհմեդ Ալի Աղջան 1981-ին մահափորձ էր իրականացրել Հովհաննես Պողոս 2-րդ Պապի դեմ) ավելի հայտնի կդառնամ»,-գրել է Օղուզհանը։

Նշենք, որ 2006-ի փետրվարի 5-ին այն ժամանակ 16 տարեկան Օղուզհանը Սանտա Մարիա եկեղեցում աղոթք անելու ժամանակ սպանել էր եպիսկոպոս Անդրեա Սանտորոյին։ Անչափահաս լինելու համար Օղուզհանը դատապարտվել է 18 տարի 10 ամիս ազատազրկման։