Ֆրանսիական համալսարանի պրոռեկտոր Արայիկ Նավոյանի կողմից մայիսի 23-ին շրջանավարտ Սոկրատ Մխիթարյանին ծեծի ենթարկելու փաստի առթիվ հայտարարություն է տարածել «Օրենքն անհրաժեշտություն է» սոցիալական նախաձեռնությունը:

Հայտարարության մեջ նշվում է, որ Ֆրանսիական համալսարանի վարչական տնօրեն Վ. Մեյրոյանը ծեծի փաստը հերքելու փոխարեն շատ ավելի ճիշտ կլիներ լրատվամիջոցներին տրամադրել տեղի ունեցածի տեսագրությունը, որը կատարվել է համալսարանում տեղադրված անվտանգության տեսախցիկներով:

«Մեյրոյանը միջադեպի մեղավոր պրոռեկտորին բնորոշում էր որպես պատկառելի մարդ: Մեկ տարի առաջ այդ պատկառելի պրոռեկտորը հերթական մի վեճի ժամանակ բանալիների տրցակով հարվածել էր համալսարանի նախապատրաստական բաժնի ղեկավար Աննա Մելքոնյանի դեմքին, որից հետո վերջինս դուրս եկավ աշխատանքից, իսկ աշխատանքից ազատված աշխատակիցների թիվը հասավ ոչ թե 29-ի, այլ` 30-ի:

Որ համալսարանի ռեկտորը լռություն է պահպանում փաստի առթիվ, դա այդքան էլ զարմանալի չէ` ըստ երեւույթին նրա ստորադասներին հաջողվում է ռեկտորին պահել երջանիկ անտեղյակության մեջ: Զարմանալի եւ տարակուսելի է, որ որեւէ պետական ատյան, մասնավորապես` ՀՀ ԿԳ նախարարությունը ոչ մի կերպ չարձագանքեց կատարվածին (ինչպես որեւէ դիրքորոշում չհայտնեց նաեւ, երբ Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մայիսի 11-ին հրապարակված վճռով բավարարվեց անցած տարի աշխատանքից ազատված դասախոսներից 12-ի հայցը):

Փաստորեն այն, ինչ չէր կարելի սովորական հանրակրթական դպրոցի սովորական ուսուցչին, կարելի է համալսարանի պրոռեկտորին: Մինչդեռ անցած տարի աշխատանքից ազատված որոշ դասախոսների մեղադրեցին ուսանողների հետ կոպիտ վերաբերմունքի մեջ: Այսինքն` այդ համալսարանում ոչ միայն դիպլոմներն են երկակի, այլ նաեւ` ստանդարտները»,- ասված է հայտարարության մեջ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ֆրանսիական համալսարանում մայիսի 23-ին համալսարանի պրոռեկտոր Արայիկ Նավոյանը վիճել, ապա հարվածներ է հասցրել համալսարանի շրջանավարտ Սոկրատ Մխիթարյանին: Միջադեպին ներկաները հայտնել են, որ Սոկրատ Մխիթարյանը անձնական խնդրով հանդիպել է Արայիկ Նավոյանի հետ, որի ընթացքում նա ձայնը բարձրացրել է համալսարանի շրջանավարտի վրա` դուրս հրավիրելով իր սենյակից, իսկ Սոկրատն էլ ասել է` հանգիստ խոսացեք: «Վեճ է տեղի ունեցել:

Պրոռեկտորը նրան է վիրավորել, իսկ համալսարանի շրջանավարտն էլ ասել է` «էդ ոնց եք հաբռգել», ինչ ուզում, անում եք: Դրանից հետո Արայիկ Նավոյանը հարվածել է Սոկրատ Մխիթարյանին: Այս ամենը արձանագրել է տարածքը տեսահսկող համալսարանի տեսախցիկները: