Մայրաքաղաքի դպրոցների բարձր դասարանցիներից ձեւավորված «դասարանը» վերջին դասն անցկացրել է Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հետ:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ քաղաքապետի հյուրերն են եղել առարկայական օլիմպիադաների քաղաքային փուլի մասնակիցները, միջազգային օլիմպիադա մեկնող աշակերտները, դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ:
Վերջին դասի թեման եղել է «Իմ երազների մայրաքաղաքը»:
Քաղաքապետը նշել է, որ մայրաքաղաքի արդյունավետ կառավարման գործառույթից բացի, քաղաքապետարանը կարեւորում է եւս երկու խնդիր` կրթված հասարակության ձեւավորումն ու մատչելի բիզնես միջավայրի ստեղծումը:
Աշակերտների այն հարցին, թե ինչպիսի՞ն է ուզում տեսնել Երեւանը, քաղաքապետը պատասխանել է. «Ինձ հաճախ են հարցնում, թե որ քաղաքի նման կցանկանայիք լիներ Երեւանը: Պատասխանը միանշանակ է` Երեւանի նման: Իր ավանդույթով, իր համ ու հոտով, իր շեշտադրումով, լուսավոր, ավելի վառ գույներով:
Եվ այն դրականը, որը Երեւանում կա` ուղղակի պետք է կրկնապատկենք: Իսկ ինչպիսին պետք է լինի Երեւանը: Մենք իհարկե կարող ենք այստեղ ձեւակերպումներ տալ, որ պետք է լինի մաքուր, կանաչ քաղաք, հարմարավետ տրանսպորտի քաղաք, նորմալ բուժսպասարկումով, ֆանտաստիկ լավ դպրոցներով: Ես միանշանակ համոզված եմ, որ երկրի ապագան կախված է, թե ինչքանով է այդ երկրի քաղաքացին կիրթ: Եվ երեւի կարճ ձեւակերպեմ, թե ես ինչպիսի Երեւան կուզենայի տեսնել, բացի այդ բոլոր չափորոշիչներից, ես կուզենայի իր էներգետիկայով, ավանդույթներով տեսնել կիրթ եւ ինտելիգենտ Երեւանը»:



























