Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 8-ի առավոտյան հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ, որին բացի ԱԱԽ անդամներից մասնակցել են նաեւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը եւ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Ազգային անվտանգության խորհրդի նիստում քննարկվել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա փուլն ու այդ ուղղությամբ մեր երկրի առաջիկա անելիքները, ամփոփվել է նախագահի համահայկական ուղեւորությունը:

"Մեկ շաբաթվա ընթացքում ես այցելեցի հայկական Սփյուռքի առանցքային կենտրոններ` Փարիզ, Նյու Յորք, Լոս Անջելես, Բեյրութ եւ Դոնի Ռոստով: Յուրաքանչյուր վայրում կայացան տարածաշրջանային հանդիպումներ, որոնց ներկա էին յուրաքանչյուր տարածաշրջանում գործող հայկական ազգային կառույցների եւ առանձին համայնքների ներկայացուցիչներ: Ի սկզբանե մենք գիտակցում էինք, որ անհնար կլինի ապահովել ներկայացվածության այնպիսի մակարդակ, որը կբավարարի բոլորին,- նշել է նախագահն ու հավելել, «Բայցեւայնպես, կարծում եմ, մեզ հաջողվեց ապահովել հրավիրյալների այնպիսի շրջանակ, որը թույլ տվեց ապահովել կարծիքների ու մոտեցումների լայն սպեկտր», -ասաց նախագահը:

Ըստ Սարգսյանի՝ քանի որ իր այցի նպատակը բնավ Սփյուռքի հավաքական կարծիքին թվային վերլուծության տեսք տալը չէր, չի կարեւորվել դահլիճի ներսում յուրաքանչյուր մոտեցման կողմնակիցների համաչափ ներկայացվածության ապահովումը: «Ուղեւորության ընթացքում հաճախ էր հնչում այն հարցը, թե արդյո՞ք այս խորհրդակցություններն ուշացած չեն, հաշվի առնելով, որ արձանագրություններն արդեն նախաստորագրված են: Կարծում եմ` այդպես կարող են մտածել միայն այն մարդիկ, ովքեր անկեղծորեն հավատում են, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումն ավարտվում է արձանագրությունների նախաստորագրմամբ: Իհարկե դա այդպես չէ: Ինձ համար Սփյուռքում կայացած քննարկումները չափազանց կարեւոր էին նախաստորագրումից ստորագրում, ստորագրումից վավերացում եւ վավերացումից իրագործում բարդ եւ աշխատատար շղթայի յուրաքանչյուր օղակում մեր ռազմավարությունն ու մարտավարությունը ծրագրավորելու առումով»,- ասել է նախագահն ու նկատել, թե «Հանդիպումների ժամանակ հաճախ էր հնչում այն մտահոգությունը, որ Հայաստանը չունի բավարար ռեսուրսներ` մարդկային, ֆինանսատնտեսական, քաղաքական, այդ հարաբերությունները որպես հավասարը հավասարի հետ կազմակերպելու առումով: Կարծում եմ, որ դա սխալ մոտեցում է»: Ըստ նախագահի՝ կային մտահոգություններ, որ հարաբերությունների հաստատումն ու սահմանի բացումը կարող են բերել տնտեսական եւ դեմոգրաֆիական էքսպանսիայի. «Կարծում եմ դա նույնն է, ինչ ենթադրել, որ գլխացավի դեմ պայքարի լավագույն միջոցը գլխատումն է»:

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը՝ Սերժ Սարգսյանը նշել է. «Ես առիթ ունեցա վերահաստատելու մեր այն մոտեցումը, որ մենք չենք համարում, թե արձանագրությունները կարող են ընթերցվել որպես Լեռնային Ղարաբաղի հարցում Հայաստանի բանակցային դիրքերը կաշկանդող փաստաթղթեր: Ավելին, ես վերահաստատեցի մեր մոտեցումը հնարավոր կարգավորման պայմաններին` առանց որեւէ սահմանափակման ազատ կամարտահայտման միջոցով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից իր իրավական կարգավիճակի որոշում»:

Ըստ Սարգսյանի՝ հիմնական մտահոգություններից հաջորդը Ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման գործում իբր հնարավոր նահանջն է: «Կարծում եմ` ակնհայտ է, որ որեւէ հայ մարդ երբեւէ չի կարող չբարձրաձայնել մեր` աշխարհասփյուռ եւ սեփական կենսատարածքից զրկված ժողովուրդ լինելու պատճառները: Ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման հարցում մենք պարտականություն ունենք եւ այդ պարտականությունը կատարելու ենք մինչեւ վերջ»,- ասել է նախագահը:

Եւ, վերջապես, ըստ Սարգսյանի, կար մտահոգություն առկա սահմանների ճանաչման հարցում: «Իմ պատասխանը նույնն էր` տարածքային պահանջներ ներկայացնելը հարաբերություններ կարգավորելու լավագույն սկիզբը չէ: Կան 21-րդ դարի քաղաքական մշակույթի իրողություններ, որոնք պարտավոր ենք հաշվի առնել: Ես նաեւ առիթ ունեցա ընդգծելու, եւ բազմիցս լսեցի նաեւ սփյուռքահայ մեր քույրերի եւ եղբայրների այն արդար մոտեցումը, որ հայ-թուրքական հարաբերությունները շատ ավելի լայն են, քան Հայաստան-Թուրքիա հարաբերությունները»,- նկատել է Սերժ Սարգսյանը եւ հավելել, թե «Սփյուռքի համայնքներով իր այս կարճատեւ, բայց չափազանց հագեցած ուղեւորությունն իրեն շատ կարեւոր ազդակներ հաղորդեց»: «Սփյուռքում ես լսեցի նաեւ սատարման եւ խրախուսման բազում խոսքեր: Չեմ ուզում դրանց առանձին անդրադառնալ, քանի որ ստորագրման ողջ պատասխանատվությունը կրում ենք մենք, որպես պետություն եւ պետական այրեր, եւ մենք չենք պատրաստվում պաասխանատվության բեռը դնել որեւէ մեկի վրա: Իմ նպատակը բնավ այն չէր, որ վերադառնալով համահայկական ուղեւորությունից՝ ասեմ, որ ողջ Սփյուռքը կողմ է Հայաստան-Թուրքիա առկա արձանագրությունների ստորագրմանը»,- նկատել է Սերժ Սարգսյանը:

Հ.Գ. Ազգային անվտանգության խորհուրդը նաեւ քննարկել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա փուլը: Ազգային անվտանգության խորհրդի ընդլայնված նիստի բոլոր մասնակիցներն իրենց աջակցությունն են հայտնել նախաստորագրված փաստաթղթերին: