Բաքվում գործող մի քանի «ֆայլաբազարներ» կան: Մարդիկ դրանք «ճորտերի շուկա» են կոչում: Շուկաներից երկուսն առանձնանում են նրանով, որ այնտեղ կանայք են հավաքվում: «Ֆայլաբազարներից» մեկը գտնվում է Բաքվի Նասիմինյան շրջանի շուկայի հետեւում, մյուսը` Բաքվին կից Մաշտաղա ավանում: Կանանց այդ շուկաները գործում են արդեն 10 տարի: Գործատու հայտնվելուն պես կանայք հարձակվում են նրա վրա: Ամեն մեկը նրան քաշում է իր կողմը, որպեսզի առաջարկվող աշխատանքն ինքն ստանա: Այս մասին հայտնում է «Ազադլիգ» թերթը։

Աշխատանք փնտրող կանանցից մեկը լրատվամիջոցի թղթակցի հետ զրույցում բողոքել է, որ իշխանավորները Բաքվի զբոսայգիների համար արտասահմանից թանկարժեք ծառեր եւ թփեր են բերում-տնկում, իսկ իրենց նման չքավորների մասին մտածող չկա:

40-45 տարեկան կանայք ամեն օր գալիս են շուկա` փող աշխատելու: Նրանց տանում են տները մաքրելու, ապակիներ սրբելու: Այդ կանայք համաձայն են ամեն տեսակի աշխատանքի, միայն թե փող վաստակեն` իրենց երեխաներին պահելու համար: Դրանք հիմնականում այրի կանայք են: Նրանք ծածկում են իրենց դեմքերը` ասելով, թե դա իբր արեւից պաշտպանվելու համար է, սակայն պարզ է, որ չեն ցանկանում, որ անցորդներն իրենց ճանաչեն:

«Իմ երեխաները կարծում են, թե ինչ-որ մեկի տանն եմ աշխատում: Նրանք չգիտեն, որ այստեղ եմ: Եթե իմանան, ամոթից գետինը կմտնեմ: Վարձով ենք բնակվում: Չենք կարողանում ապրել: Օր է լինում, որ ոչ մի կոպեկ չեմ աշխատում»,- դժգոհել է կանանցից մեկը:

Մի կին էլ զայրույթով պատմել է, որ երբեմն այնքան հարուստ մարդկանց առանձնատներում են աշխատում, որ զարմանում են այդ հարստությունից ու նման մարդկանց անսահման ժլատությունից:

«Ի՞նչ կլինի, որ մի անգամ էլ մեզ նման աղքատներին ձեռք մեկնեն: Նախագահն ամեն օր շենքեր է կառուցում, ճանապարհներ գցում, զարդարում Բաքուն արտասահմանյան ծաղիկներով: Լավ կլիներ` դրա փոխարեն օգներ որբերին ու աղքատներին»,- դժգոհել է նա:

«Տարեց կանայք խիստ զայրանում են, երբ իրենց շարքերում բարետես եւ երիտասարդ կանայք են հայտնվում: Այդպիսի կանանց ավելի հաճախ են տանում աշխատանքի...», -գրում է լրատվամիջոցը։