«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» մայիսի 25-ին կայացած բաժնետերերի ժողովում քննարկվել է արտադրական հզորությունների ընդլայնման հարցը:
Նշենք, որ ընկերության մասնավորեցումից ի վեր առանձին ծրագրերի շրջանակներում կոմբինատում իրականացվել է ավելի քան 350 մլն ԱՄՆ դոլարի ներդրում, որի արդյունքում ապահովվել է արտադրական հզորությունների շուրջ 75 տոկոս աճ: Ներկայումս կոմբինատում հանքաքարի վերամշակման հզորությունը տարեկան կազմում է 14 մլն տոննա: 2011թ. սեպտեմբերին նախատեսվում է գործարկել նաեւ տարածաշրջանում հանքաքարի մանրեցման ամենամեծ աղացների կոմպլեքսը: Բաժնետերերի կողմից որոշում է կայացվել սկսել Ընկերության ընդլայնման եւ վերազինման հաջորդ փուլը, որի իրականացման արդյունքում նախատեսվում է վերամշակման ծավալը հասնել տարեկան մինչեւ 20 միլիոն տոննա:
Բաժնետերերը միաձայն որոշել են այսյուհետեւ, յուրաքանչյուր տարի, տնտեսական տարվա արդյունքները ամփոփելուց հետո, Ընկերության զուտ շահույթի 5 տոկոսը վճարել կոմբինատի աշխատակիցներին որպես պարգեւավճար: Հաշվի կառնվեն աշխատանքային ստաժը, զբաղեցրած պաշտոնը եւ կատարած աշխատանքի առանձնահատկությունները: Այսպիսով, յուրաքանչյուր աշխատակից կունենա նաեւ իր համապատասխան բաժնեմասը կոմբինատի շահույթից:
Նշենք, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» բաժնետերերն են «Քրոնիմետ Մայնինգ» ԲԸ-ն` 60տոկոս բաժնեմասով, «Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն` 15 տոկոս բաժնեմասով, «Արմենիան մոլիբդենիում փրոդակշն» ՍՊԸ –ն` 12,5 տոկոս բաժնեմասով, «Զանգեզուր մայնինգ» ՍՊԸ –ն` 12,5 տոկոս բաժնեմասով:




























