ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դատապարտել է երկուշաբթի օրը Վիեննայում տեղի ունեցած հրաձգությունը եւ սոլիդարություն է հայտնել Ավստրիայի կառավարությանն ու ժողովրդին: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Գլխավոր քարտուղարը խստորեն դատապարտում է այդ հարձակումները եւ վերահաստատում ՄԱԿ-ի սոլիդարությունն Ավստրիայի ժողովրդին եւ կառավարությանը»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Հայտարարության մեջ շեշտվում է, որ կազմակերպության ղեկավարը ուշադիր հետեւում է իրավիճակի զարգացմանն Ավստրիայի մայրաքաղաքի կենտրոնում, որտեղից հաղորդվում էին հարձակումների եւ անցորդի մահվան մասին: «Նա խորին ցավակցություն է հայտնում հանգուցյալի ընտանիքին եւ շուտափույթ ապաքինում է մաղթում տուժածներին»,- հավելել են հայտարարության մեջ:
Ավստրիայի մայրաքաղաքի կենտրոնում երկուշաբթի երեկոյան կրակոցներ են տեղի ունեցել վեց վայրում, այդ թվում` սինագոգի մոտակայքում: Մեկ մարդ է զոհվել, 15 մարդ վիրավորվել է, այդ թվում` մեկ ոստիկան: Կրակողներից մեկը սպանվել է ոստիկանության կողմից: Ոստիկանության տվյալներով` հրաձգությունը լավ զինված մի քանի մարդ էր կազմակերպել:
Ավստրիայի ներքին գործերի նախարար Կառլ Նեհամերը եւ կանցլեր Սեբաստիան Կուրցը Վիեննայում տեղի ունեցած հարձակումը որպես ահաբեկչություն են որակել: Բնակչությանը խորհուրդ է տրվում խուսափել հասարակական վայրերից եւ տրանսպորտից, ինչպես նաեւ` հատուկ ծառայությունների աշխատանքի լուսանկարներ եւ տեսանյութեր չտարածել սոցցանցերում:





























