Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը, մեկնաբանելով Վիեննայում կատարված հարձակումը, հայտարարել է, որ սա ոչ թե կոնֆլիկտ է ավստրիացիների եւ միգրանտների միջեւ, այլ պայքար է քաղաքակրթության եւ բարբարոսության միջեւ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Պետք է պարզ լինի, որ սա կոնֆլիկտ չէ քրիստոնյաների եւ մահմեդականների կամ ավստրիացիների եւ միգրանտների միջեւ: Ոչ, սա պայքար է խաղաղությանը հավատացող մեծ թվով մարդկանց եւ պատերազմ ցանկացողների միջեւ: Սա պայքար է քաղաքակրթության եւ բարբարոսության միջև, եւ մենք այս պայքարը մղելու ենք ամենայն վճռականությամբ»,- ասել է Կուրցը բնակչությանն ուղղված իր ուղերձում:

Երկուշաբթի Վիեննայի կենտրոնում հրաձգությամբ հարձակումների շարք էր իրականացվել, հարձակման թիրախներից մեկը, ըստ լրատվամիջոցների, սինագոգն էր: Կուրցը հայտարարել է, որ միջադեպն ահաբեկչություն էր: Չորս մարդ է զոհվել:

Իրավապահ մարմինների աշխատակիցների խոսքով` մեկ հարձակվող սպանվել է, եւս մեկին որոնում են: Ավստրիայի ներքին գործերի նախարար Կառլ Նեհամերն ասել է, որ նա «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմնակից է: