Ֆրանսիայի ոստիկանությունը ձերբակալել է տղամարդուն, որը մի քանի օր շարունակ կրոնական ենթատեքստով սպառնալիքներ է բղավել Փարիզի մերձակայքում Ատիս-Մոնս կոմունայի դպրոցի ուսուցիչների հասցեին, հայտնում է Le Parisien-ը։
Ուսումնական հաստատության ուսուցչուհին դեռեւս երկուշաբթի երեկոյան էր բողոք ներկայացրել ոստիկանություն։ Նա հայտնել էր, որ 2 անգամ, երբ ընդմիջմանը դուրս է եկել փողոց, լսել է, թե ինչպես է դպրոցի կողքիվ վազող տղամարդը բղավում «Ալլահի եւ Մուհամմեդ մարգարեի համար վրեժխնդիր լինելու» խոստումներ, ինչպես նաեւ հայտարարել էր, որ «ուսուցիչները պատասխան կտան»։ Հաշվի առնելով Ֆրանսիայի մայրաքաղաքի այլ արվարձանում հոկտեմբերի 16-ին արմատական իսլամիստի կողմից դպրոցի ուսուցչի սպանությունը՝ տեղական կոմիսարիատում բողոքը լուրջ են ընդունել։
Երեքշաբթի առավոտյան դպրոցի անվտանգության ապահովաման համար ներգրավվել են մի քանի ոստիկաններ։ Նրանք ձերբակալել են կասկածելի տղամարդուն, երբ նա դասերը սկսվելուց առաջ հայտնվել է մոտակայքում։ Իրավապահ մարմիններում պարբերականի աղբյուրը հստակեցրել է, որ տղամարդն իրեն սպառնալից է պահել ուսուցչուհիներից մեկի նկատմամբ։ Չի հաղորդվում, թե տղամարդուն ինչ մեղադրանքներ են առաջադրվելու։





























