Պուերտո Ռիկո կղզու բնակիչների կեսից ավելին հերթական անգամ քվեարկել է ԱՄՆ 51-րդ նահանգի կարգավիճակ ստանալու օգտին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով ABC News հեռուստաալիքը:

Ձայների 95%-ի հաշվարկման արդյունքների համաձայն` դրա օգտին է արտահայտվել ընտրողների 52%-ը: Սակայն այս կամարտահայտությունը իրավական ուժ չունի, քանի որ վերջնական որոշումը պետք է կայացնի Միացյալ Նահանգների կոնգրեսը:

Պուերտո Ռիկոն 1898 թվականից ճանաչվում է որպես ԱՄՆ տարածք: Երկրի բնակիչները ԱՄՆ քաղաքացիներ են, բայց նրանք չեն կարող քվեարկել նախագահական ընտրություններում եւ ԱՄՆ կոնգրեսում ունեն սահմանափակ ձայնի իրավունքով միայն մեկ ներկայացուցիչ:

Սա առաջին դեպքը չէ, երբ Պուերտո Ռիկոյի բնակիչները հանրաքվեով որոշում են կղզու քաղաքական կարգավիճակը: Նրանք վերջին անգամ Միացյալ Նահանգների 51-րդ նահանգը դառնալու համար քվեարկել են 2017թ.։ Սակայն ԱՄՆ արդարադատության նախարարությունը կոնգրեսում քվեարկությանը չի սատարել: