Մայիսի 28-ին, առավոտյան ժամը 7:00-ի սահմաններում ավազակային հարձակում է տեղի ունեցել Երեւանի Ֆուչիկի փողոցում գտնվող “5+” շուրջօրյա գործող դեղատան վրա: Ինչպես NEWS.am-ին տեղեկացրեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քիչ առաջ Հայաստանի ոստիկանության քննչական գլխավոր վարչության Մաշտոցի քննչական բաժնի աշխատակիցները, ավագ քննիչ Վահե Ասատրյանի գլխավորությամբ, ավարտել են քննչական փորձարարական  աշխատանքները:

Շամշյանի փոխանցմամբ, առավոտյան ժամը 7.00-ի սահմաններում, երեք անձինք, որոնցից մեկն ատրճանակով զինված, մուտք են գործել նշված դեղատուն, եւ զենքի սպառնալիքով` դեղատան դեղագործ 23-ամյա Վահան Աղիկյանից պահանջել գումար: Դեղատան աշխատակցից մերժում ստանալով`հանցագործները ծեծի են ենթարկել Աղիկյանին` պատճառելով մարմնական վնասվածքներ: Դրանից հետո, նրանք դեղատան պահարանից հափշտակել են 15000 դրամ, եւ դիմել փախուստի:

Աղիկյանը ծնոտի շրջանում կտրված վերք ախտորոշմամաբ տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն: Ոստիկանութան քննչական գլխավոր վարչության Մաշտոցի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական  օրենսգրքի 175 (ավազակային հարձակում), եւ 235 (ապօրինի զենք կրելը) հոդվածների հատկանիշներով:

Շամշյանը հայտնեց, որ Մաշտոցի օպերատիվ քննչական խումբը, բաժնի պետ Ավետիք Աբրահամյանի եւ օպերգծով տեղակալ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ ձեռնարկում են օպերատիվ աշխատանքներ հայտնաբերելու ավազակային հարձակում կատարողներին: